National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.06.2020
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականը
1 / 7

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են բյուջետային քննարկումները: Պատգամավորներն անդրադարձել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ դրամաշնորհային ծրագրերի համար փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ` ճշտված ծրագրի շուրջ 31 տոկոսը: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհների գումարը կազմել են 4 մլրդ 451 մլն դրամ: Եվրոպական ծագում ունեցող վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ` արձանագրելով փաստացի 57 տոկոս ստացում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Նշվել է, որ ԱԳՆ-ն շարունակել է հետեւողական աշխատանք իրականացնել ՀՀ-ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի, Հայաստան-ԵՄ  մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթակի շրջանակում համագործակցության ամրապնդման եւ այն բոլոր ուղղություններով, որոնք ձեւավորում են ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Նախարարը փաստել է, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման համար անհրաժեշտ է դրա վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից` ընդգծելով, որ մեր երկիրը որեւէ քաղաքական խոչընդոտ չունի ավարտելու վավերացման գործընթացը եւ անցնելու ողջ ծավալով համաձայնագրի իրականացմանը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման գործընթացում նախարարության կողմից կազմակերպված միջոցառումները: Նա հիշեցրել է, որ 2019թ. հունիսի մեկին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է ՀՀ վարչապետի որոշմամբ, այն ողջունելի է համարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ  մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի խնդրին` նախարարը կարծիք է հայտնել, որ մեր երկիրը պետք է գնահատվի ըստ կատարած աշխատանքի եւ կարողությունների: «Մենք պնդում ենք, որ կարողացել ենք մեր կարողությունները բերել այնպիսի մակարդակի, որ այդ երկխոսության մեկնարկը, որը դեռեւս ազատականացում չի նշանակում, կարող ենք կյանքի կոչել»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն եղել է աջակից Հայաստանի բարեփոխումների գործընթացին, ինչն արտացոլվել է նաեւ 2019թ. տարեկան աջակցության ծրագրի շրջանակում հատկացումների, համավարակի աջակցության մասով:

ԵՄ-ի հետ հարաբերությունները նախարարը կարեւորել է Արեւելյան գործընկերության հարթակում եւ ներկայացրել այդ համատեքստում իրականացված միջոցառումները:

Նա ընդգծել է նաեւ ՀՀ-ԵՄ փոխգործակցության արդյունավետությունը խորհրդարանական հարթակում:

Նիստին հրավիրված ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է, պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ երկրորդ կամ ամփոփ ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է եւ առաջիկայում այն կներկայացվի: Փոխվարչապետի խոսքով` այնուհետեւ փաստաթղթի մոտարկման եւ կիրարկման բոլոր դրույթները լիարժեքորեն կիրականացվեն:

Պատգամավորների հարցադրումները բանախոսներին առնչվել են կրկին GSP+ համակարգին անցմանը,  վիզաների ազատականացման գործընթացին, Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությանը, համավարակի պայմաններում դիվանագիտական ծառայությունների իրականացրած աշխատանքին, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման խոչընդոտներին, ճանապարհային քարտեզի առաջնահերթություններին, դրանց համար սահմանված չափորոշիչներին եւ այլն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am